Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի պետքարտուղարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ վարչապետը նշել է. «Մեր հանդիպումը տեղի է ունենում ի շարունակություն նախագահ Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության և արտահայտում է Ֆրանսիայի և Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները: Մեր երկրների միջև գոյություն ունի և ավանդաբար գոյություն է ունեցել բարձր մակարդակի և ջերմ երկխոսություն, և ես ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել պատերազմի առաջին իսկ օրվանից նախագահ Մակրոնի, արտգործնախարար Լը Դրիանի ցուցաբերած անձնական ներգրավվածության համար: Իհարկե, մենք շատ ծանր պատերազմի միջով ենք անցել, շատ ծանր ապրումներ ունենք այդ ամենի կապակցությամբ, մեծ թվով զոհեր ենք ունեցել, և շատ բարդ իրադրություն է գոյացել: Եվ այս այցը շատ կարևոր է առկա մարտահրավերներին դիմակայելու և նաև ստեղծված հնարավորություններն օգտագործելու առումով: Մեր քննարկումները և օրակարգը նաև տնտեսական, մարդասիրական ասպեկտներ ունեն, և խնդրում եմ իմ երախտագիտությունը փոխանցել նախագահ Մակրոնին՝ մեր խոսակցության և պայմանավորվածությունների այսպիսի արագ արձագանքի համար»,- շեշտել է Փաշինյանը
Մանրամասները՝ տեսանյութում․