Երեկ՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում վարչապետի հետ վիճած լրագրողը կատարեց նրա պայմանը և այսօր Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ներկայացավ՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերով մեծ պաստառը ձեռքին։
Նա ուղիղ մեջբերել էր Փաշինյանի խոսքը՝ հնչեցրած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Մեջբերման տակ լրագրողը երկու տարբերակ էր առաձնացրել՝ «Հայկական է» և «Ադրբեջանական է»։ Նա խնդրեց վարչապետին Կառավարության աշխատասենյակից իջնել և նշել, թե ո՞ր տարբերակն է ճիշտ։ Փաշինյանն անհաղորդ մնաց այս կոչին։
Հիշեցնենք, որ Եռաբլուրում Փաշինյանն ասել էր․
«Պատրաստ եմ ուղիղ եթերում պատասխանել Ձեր հարցին, եթե գրավոր ներկայացնեք իմ մեջբերումն այն մասին, թե ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է։
«Կատարե՛ք պայմանը, ներկայացրեք գրավոր մեջբերում, և ես կպատասխանեմ Ձեր հարցին»,- ասել էր Փաշինյանը։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան ասել էր․ «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։
Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»։