«Հայաստանի մեծագույն և վերջնական պարտությունը կլինի երկրի հայաթափումը։ Ետպատերազմյան բարդ շրջանում, տնտեսական և քաղաքական ճգնաժամի պայմաններում այժմ յուրաքանչյուր հայ պիտի իր մեջ ուժ գտնի կայացնելու իր կյանքի կարևորագույն որոշումներից մեկը՝ երկրից չհեռանալու որոշումը։ Իսկ ավելի լավ՝ երկիր վերադառնալու իր որոշումը»,- այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Հեռանալու պատճառներն, իհարկե, բազում են։ Հաճախ անգամ՝ օբյեկտիվ։ Տեղեկատվական բացասական հոսքը այսօր մեր տնտեսական խնդիրներին գումարում է նաև վախը և անվստահությունն ապագայի հանդեպ, որոնք պիտի կարողանանք հաղթահարել։
Պիտի թույլ չտանք, որ հայրենիքի կորսված լինելու զգացողությունն ի վերջո հանգեցնի դրա փաստացի կորստին։ Հայաստանում մնալն ու մեր բազմապատկված ջանքերը երկրի շենացման գործում ներդնելն այսօր կարևորագույն քայլն է, որը պիտի անենք։ Հայաստանն անպայման վերապրելու է, վերականգնվելու է, ապաքինելու է իր վերքերն ու նոր կյանք է ստանալու։ Եվ հանուն այդ նոր կյանքի, մենք չպիտի խնայենք ոչինչ։ Եթե այսօր ունենք երկրից գնալու կամ չգնալու ընտրություն, պարտավոր ենք ընտրել ՉԳՆԱԼԸ»։