Հայկական պատվիրակությունն արել է հնարավորը, որպեսզի ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում ընդգրկվի հայ ռազմագերիների հարցը։ Այս մասին խորհրդարանում ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«ԵԽԽՎ-ում ի՞նչ էր մեզ պետք․ պետք էր, որ քաղաքական խմբերը կոչ անեին, որ ռազմագերիները վերադարձվեին, կոչն արվել է։ Պետք էր, որ մամուլը գրեր այդ մասին, գրվել է։ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարը հարցին անդրադարձել է։ Նպատակ էինք դրել, որ ռազմագերիների հարցը քննարկվի, դա եղել է։ Մեզ պետք էր, որ հարցը հնչեղություն ստանա, պատվիրակներն այդ մասին իրազեկված լինեն, որը և արվել է»,- ներկայացրեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Ադրբեջանն իրեն պահում է ահաբեկչի նման և փորձում պայմաններ թելադրել։
«Ադրբեջանը կամ պետք է ռազմագերիներին տա, կամ այդ պետությունը պետք է հայտարարվի տեռորիստական երկիր։ Եթե Ադրբեջանը ռազմագերիներին չի վերադարձնում, ուրեմն՝ պատանդ պահող երկիր է»,- նկատեց ԼՀԿ ղեկավարը։
Ի դեպ, Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հասցեին հնչող քննադատություններին, նշեց, որ պատվիրակության որևէ անդամի աշխատանք որևէ մեկը չի կարող թերագնահատել կամ նվաստացնել։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։ Հայ պատգամավորներին չհաջողվեց ռազմագերիների վերադարձի հարցը մտցնել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ, ինչպես նաև հասնել նրան, որ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցում սանձազերծած պատերազմի համար Ադրբեջանին մեղադրող ձևակերպումներ տեղ գտնեն։ Ընդդիմադիրների կողմից հայկական պատվիրակության աշխատանքը սուր քննադատության արժանացավ։ Կարծիքներ հնչեցին, թե պատվիրակությունը տապալել է աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյությում․