Կառավարությունը նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Հարցի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ տարիներ շարունակ ՀՀ-ում քննարկվել է, որ պետք է միչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և քրեական գործերի քննության ինստիտուտներն իրարից տարանջատել։ Ունենալ ենթամասնագիտացում, որպեսզի գործերի քննությունը լինի առավել արդյունավետ, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևանա։ Հետևաբար, որոշել են օրենքում փոփոխություններ կատարել։
Օրենքի նախագծով առաջարկվում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առանձնացնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, քրեական վարույթի նկատմամբ՝ դատական վերահսկողության գործերը և Հայաստանի տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունների քննությունը:
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կունենանք առանձին դատավորներ, որոնք քննելու են բացառապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվությունների միջնորդությունները»,- հայտնեց Բադասյանը։
Արդարադատության նախարարի խոսքով՝ առաջարկում են նաև վերաքննիչ քրեական դատարանի դատավորի հաստիք ավելացնել և գործող դատավորներից ևս երեք հոգու ընտրել, որոնք քրեական գործերով արդարադատության իրականացումից բացի կմասնագիտանան նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով:
Բադասյանը նշեց, որ առաջարկվում է նաև առաջին ատյանի դատարաններում ավելացնել առնվազն 17 դատավոր, որոնցից 8-ը՝ Երևանում:
Փոփոխություններով՝ մարզերում քրեական գործեր քննող առանձին դատավորները կմասնագիտանան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով։