«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանը Պետական եկամուտների կոմիտեում բավականին բարձր պաշտոնի է նշանակվել: Նա ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետն է: Այս վարչությունը ստեղծվել էր 2014 թվականին եւ հանդիսանում է կառույցի՝ վերահսկողություն իրականացնող մարմինը, եւ շատ հարցեր իր միջոցով են կարգավորվում»:
«Հրապարակ»-ը գրում է. «Բանակի օրը՝ հունվարի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Այդ մասին հաղորդագրություն էին տարածել։ ՊՆ-ի մեր աղբյուրները պատմում են, որ հանդիպումը հարթ չի ընթացել․ ճիշտ հակառակը։ Հիմնական հանդիպումից հետո փոքր կազմով նստած են եղել ղեկավարներից մեկի սենյակում, եւ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված բարձրագույն սպայակազմին, պատերազմում պարտության հետ կապված, ինչից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վրդովվել է»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Oրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է պաշտոնից ազատվել Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը: Ըստ մեր տեղեկությունների՝ Նարեկ Բաբայանը հեռանալուց առաջ լուրջ տարաձայնություն է ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բանն այն է, որ վերջերս, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է տեղի ունեցել, եւ մի նախագծի փոփոխության հետ կապված հարց է քննարկվել, Նարեկ Բաբայանը հայտարարել է, թե այդպիսի փոփոխություն անելը կարող է իշխանությունների վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունենալ»:
«Հրապարակ»-ը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս է, ինչ աշխատում է, բայց հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում։ 168.am-ը գրեց, որ նա Իրանում հարբել է եւ հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։ Պարզվում է՝ սա Իրան կատարած այցի միակ սկանդալը չի եղել, Իրանից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նա հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել՝ տարածքում գործող մոտ մեկ տասնյակի հասնող լաբորատորիաներում»։
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախում խոսում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ վերջին շրջանի մոսկովյան հաճախակի այցերը մի նպատակ ունեն՝ ամրապնդել սեփական իշխանությունը եւ տարանջատվել Նիկոլ Փաշինյանից։ Նա, ըստ լավատեղյակների, գիտակցում է, որ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է, եւ նախապես ուզում է ապահովագրել իրեն, «թռնել» հեղափոխական լիդերի նավից, որում հայտնվել էր 2018-ին՝ կրկին «թռնելով» նախկինների ճամբարից»։