Անցյալ տարի մենք քննարկել ենք դատական օրենսգրքի բարեփոխումների մի մեծ փաթեթ, հազար անգամ խոսել ենք, թե ինչպես պետք է կատարել այդ բարեփոխումները, հազար ձև ու միջոց ենք առաջարկել, բայց Դուք շարունակում ենք զբաղվել դատական բարեփոխումների կարկատաններով։ Այս մասին ԱԺ-ի փետրվարի 3-ի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ անդամ-պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։
«Արդոք երկա՞ր ենք շարունակելու հատվածաբար օրակարգ բերել այդպիսի հարցեր ու այն լցնել այդպիսի կարկատաններով»,- հարցրեց Սամսոնյանը, ինչին Բադասյանը պատասխանեց, որ համաձայն չէ նրա դիտողությունների հետ։
«Մենք ասել ենք, որ դատական համակարգում բացի բարեվարքության ստուգման մեխանիզմներից խնդիր է նաև դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, խնդիր ունենք դատական համակարգի հանդեպ վստահությունը բարձրացնելու հետ։
Նշված են բոլոր գործողությունները, որոնք անելու ենք, սա անակնկալ չէ ոչ մեկի համար։ Բայց եթե ունեք ավելի կոնցեպտուալ այլ մոդել, ապա ես Ձեզ առաջարկում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը կարկատաններով չի լինի։ Հանրությունը շնորհակալ կլինի Ձեզ»,- ասաց Բադասյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։