Ընդամենը 7 քաղաքացու դեպքում է ՌԴ մեկնելու խոչընդոտ առաջացել, որոնք տեխնիկական բնույթ ունեն, իսկ մեկնողների թիվը հազարավոր է։
Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստան մեկնողների մեծ թիվ կա։ Մեկ տարվա ընթացքում Հայաստան գալ ցանկացողները շատ են։ Դա տուրիզմի ակտիվացման ճանապարհ է բացում։ Փետրվարի 15-ից օրական չորս կանոնավոր թռիչք կունենանք դեպի ՌԴ։ Որոշումը կայացվել է երեկ՝ ՌԴ կառավարությունում»,- ասաց վարչապետը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի հավելումն վարչապետի խոսքի՝ նշեց, որ Հայաստանից չորս օրերի ընթացքում մեկնել է 3900 և վերադարձել է 3400 մարդ։ Հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ վերադարձածներինը՝ 1263։
«Կարող եմ ասել, որ հավելվածը լիարժեք աշխատում է։ Խնդիր է առաջացել միայն 7 քաղաքացու մոտ, ինչը սակայն կապ չունի հավելվածի հետ։ Պարզապես թղթային տարբերակով QR կոդը կասկած է առաջացրել ռուս սահմանապահների մոտ»,- ասաց Գրիգորյանը։
«Շատ կարևոր է, որ Covid-19-ի թեստ հանձնվի կոնկրետ նշված լաբորատորիաներում, քանի որ ոչ բոլոր լաբորատորիաներն ունեն ծրագրի հնարավորություն»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ Շարունակելով նրա խոսքը՝ ԱՆ ղեկավար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ծրագրին մասնակցում է 8 լաբորատորիա, որոնք առանց հերթերի կարողանում են սպասարկել հաճախորդներին։
Հիշեցնենք, որ մեկնարկել է «Ճամփորդիր՝ առանց Covid-19» ծրագիրը, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին մեկնել Ռուսասատան՝ ունենալով կորոնավիրուսի բացասական թեստեր։ Ծրագիրը փորձնական է, կգործի մինչև մարտի 1-ը։