ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական դավաճանության, լրտեսության, թշնամու կողմն անցնելու, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու համար սահմանված պատժաչափերը խստացնել։
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Իվետա Տոնոյանը 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում են առաջարկում պետական դավաճանության համար: Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում Քրեական օրենսգրքում, մասնավորապես՝ պետական դավաճանության և լրտեսության մասին հոդվածներում:
Ըստ գործող օրենքի` պետական դավաճանության համար սահմանված է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, պատգամավորներն առաջարկում են քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Լրտեսության համար գործող օրենքով սահմանված է 8-15 տարի ազատազրկում, ԲՀԿ-ականներն առաջարկում են պատժի շեմն ավելացնել՝ դարձնելով15-20 տարի:
Նախագիծը ներկայացնող ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումներին հետևելով՝ իրենք նկատել են՝ տարբեր հարթակներով հայտարարություններ են տարածվում, թե տեղի են ունեցել դավաճանության դեպքեր: Նրա խոսքով՝ պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը հաշվի առնելով` անհրաժեշտություն է առաջանում վերանայել գործող օրենքի կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ:
Քննարկումներից հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց, որ պետական դավաճանության պարագայում նախատեսվի 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ՝ ցմահ ազատազրկում: Իսկ լրտեսության համար պատժաչափի շեմը 15-ից իջեցնել 12 տարի:
Նախագծի համահեղինակ Վահե Էնֆիաջյանի համար առաջարկներն ընդունելի էին: Լրամշակված նախագիծը քվեարկությամբ միաձայն ստացավ դրական եզրակացություն։