Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը Armenia Today-ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց՝ Արարատի մարզ այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենն ազատելու հրահանգ է տվել:
«Այդ լուրերն ապատեղեկատվություն են։ Նման բան գոյություն չունի, որ գյուղն արդեն սկսել են դատարկել։ Գյուղում ամեն ինչ նորմալ է, ապրում ենք մեր սովորական առօրյայով»,-վստահեցրեց Ստեփանյանը։
Համայնքի ղեկավարը չցանկացավ մեկնաբանել Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին հարցը։
«Եկեք ենթադրություններով չխոսենք։ Կոնկրետ այս իրավիճակում նման բան գոյություն չունի։ Իսկ հետո ոնց կլինի, ինչ կլինի, ըստ դրանց էլ կշարժվենք։ Հարցը միայն Տիգրանաշենի մասին չէ, այլ մեր երկրի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ Արարատի մարզ այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի և Արարատի մարզի գնդի հրամանատարի հետ։ Եվ այդ հանդիպման ժամանակ Փաշինյանը Տիգրանաշենը դատարկելու հանձնարարություն է տվել:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հայտնի եռակողմ հայտարարությունից հետո տարբեր մակարդակներում խոսակցություններ են շրջանառվում, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաև որոշ անկլավային տարածքներ, որոնց մեջ է մտնում Պարույր Սևակ խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Տիգրանաշեն գյուղը։
Ի դեպ, հարկ է նկատել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հանդիպումից հետո տելեգրամյան տարբեր ալիքներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը հինգ օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին։ Սակայն, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հերքել էր դրանք` շեշտելով, որ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի զինված ուժերի կողմից: