ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է իր վերաբերյալ լրտվամիջոցներով տարածված տեղեկություններին:
Նշենք, որ տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ երեկ կեսօրին միջադեպ է եղել Գյումրիի Պոլիգոն թաղամասում, մասնավորապես, գյումրեցիները հայհոյել են «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանին, իսկ վերջինս նստել է մեքենան ու փախել:
Կարեն Սարուխանյանը հայտարարել է, որ նշված տեղեկությունը լկտի սուտ է և իրականությանը չի համապատասխանում:
«Այո, երեկ ես եղել եմ Պոլիգոն կոչվող թաղամասում գտնվող շինանյութի խանութներից մեկում, որտեղից դուրս գալուց հանդիպել եմ ինձ ծանոթ մարդկանց մի խմբի, որոնց ջերմ բարևել եմ և շարունակել ենք մեր ջերմ զրույցը: Ասեմ ավելին՝ ծանոթներս ինձանից պահանջում էին, որ մեր քաղաքական թիմը կոշտ վերաբերմունք ցուցաբերի նախկին թալանչիների նկատմամբ ու վերջ տա թավիշին, ինչը ես խոստացա նրանց: Ահա ամբողջ եղելությունը»,-մասնավորապես նշել է նա՝ ընդգծելով, որ «գյումրեցին իմաստուն է և գիտի՝ ում հետ ոնց է խոսում:
Նրա խոսքով, գյումրեցին, անկախ ամեն ինչից, այսօր կանգնած է իրենց քաղաքական թիմի կողքին: