Հայրենիքի փրկության շարժման հետագա քայլերի, արտահերթ ընտրությունների և հնարավոր ներքաղաքական զարգացումների շուրջ Armenia Today-ը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:
–Պարոն Սարոյան, փորձագիտական շրջանակներում տեսակետներ են հնչում, որ Հայրենիքի փրկության շարժումը հաջողության չհասավ: Ըստ նրանց՝ մոտ ապագայում հասարակությունը կտեսնի, որ ՀՓՇ-ն կդադարի գործել, ու անդամ քաղաքական ուժերն առանձին ձևաչափերով կսկսեն գործունեություն ծավալել: Համակարծի՞ք եք:
– Նախ նշեմ, որ ընդդիմությունը բազմաշերտ է, և դա ընդամենը մի փոքր մասն է: Մեդիառեսուրսներով ուզում են ստեղծել այն պատկերը, իբրև թե, Հայաստանում կա գործող վարչախումբ և դրան ընդդիմադիր ինչ- որ Հայրենիքի փրկության ճակատ: Այդ դասավորությունը երկուստեք շատ ընդունելի և ցանկալի պատկեր է ստեղծում թե՛ գործող վարչախմբի, թե՛ ձեր նշած այդ Հայրենիքի փրկության մեջ մտնող քաղաքական միավորների համար: Բոլորն էլ տեսնում են, որ շարժումն արդյունք չի տվել և չի էլ կարող տալ: Հիմա ընդամենը վերակողմնորոշվելու խնդիր կա, հասկանալու՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ, ինչ ֆորմատով, ինչպիսի մասնակցություն են ունենալու: Այս պահին ուրիշ որևէ բան չկա: Այսինքն՝ սեփական դիրքորոշումների հստակեցում է գնում՝ կապված նախկին փողոցային պայքարի անհաջողության և նոր իրավիճակում դրսևորվելու հետ:
– Ինչպես հայտնի է, երեկ իմքայլականները հայտարարություն տարածեցին, որից պարզ դարձավ, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններդրանք կլինե՞ն:
-Ըստ էության արտահերթ ընտրություններ կլինեն, չեն կարող չլինել: Մեր երկրում այնպիսի քաղաքական ճգնաժամ է, որ հնարավոր չէ, որ այն արտահերթ ընտրությունների չբերի: Գործող վարչակազմը ցանկանում է գտնել այն ժամանակահատվածը, որն օպտիմալ կհամապատասխանի իր ծրագրերին, որի ընթացքում կկարողանա առավելագույնս օգտվել այդ արտահերթ ընտրություններից՝ որոշակի լծակներ իր ձեռքում պահելու համար: Կամ էլ խորհրդարանում թեկուզ ոչ բացարձակ մեծամասնության մանդատների տիրանալու, գոնե էականորեն ներկայացված լինելու համար: Ինչպես նշեցի, թե՛ ընդդիմադիր առանձին միավորների, թե՛ գործող վարչակազմի համար նույն վիճակն է՝ երկու կողմն էլ ցանկանում է արտահերթ ընտրությունների՝ իր համար օպտիմալ ժամանակահատվածը գտնել:
– Տարբեր ուժերի ներկայացուցիչներ ասում են, որ առաջիկա ամիսներն ընտրությունների ամենահարմար ժամանակը չեն և ակնարկում են, որ պետք է ընտրությունները հետաձգել։ Ձեր կարծիքը…
– Այն, որ երկրում քաղաքական ճգնաժամ է և դա պետք է հանգուցալուծվի, փաստ է: Այն, որ ներկա կառավարողներն ի վիճակի չեն պետություն ղեկավարել և կառավարել, դա էլ է պարզ:
Եթե առաջիկա ընտրություններն այս իշխանությունները կազմակերպեն, չեն կարող այդ բեռի տակից հանգիստ դուրս գալ: Այսինքն՝ ընտրությունները վիճահարույց են լինելու: Կարելի է կանխատեսել, որ այդ ընտրությունները կեղծիքներով են անցնելու: Սա է իրավիճակը:
–Այսինքն՝ իշխանությունը վերարտադրվելու համար վարչական ռեսո՞ւրս կկիրառի:
– Եթե իշխանությունը գնա վերարտադրվելու, ապա դա միայն կեղծիքներով է հնարավոր:
–Փաշինյանն ասում է՝ արտահերթ ընտրություններում խորհրդարանական ընդդիմության շանսերը մեծ չեն, դրա համար էլ արտահերթ ընտրությունների հարցով կոնսենսուս չի կայանում: Ընդդիմությունն ինչո՞ւ չի գնում այդ ճանապարհով:
-Նախ, քաղաքական թեզերով հանդես գալը սովորական երևույթ է, դա չի նշանակում, որ եթե քաղաքական միավորները նման կարգի հայտարարություններ են անում, այդ թվում՝ նաև վարչապետն իր թիմի համար, դա ինչ- որ ճշմարտություն է: Այն ընդամենը բացատրություն է սեփական դիրքերն ամրացնելու և մրցակից քաղաքական միավորների անպատրաստությունը ցույց տալու համար: Երբ կնշանակվեն արտահերթ խորհրդանական ընտրություններ, այդ ժամանակ պարզ կլինի, թե ովքեր են մասնակցում: Բոլոր այն քաղաքական միավորները, որոնք, ըստ էության, նշում են, որ դեմ են արտահերթ ընտրություններին, կտեսնեք, որ իրենք նույնպես մասնակցելու են:
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, մասնակցելու է արտահերթ ընտրությունների։ Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող ենք սպասել նման պարագայում:
– Ըստ էությա,ն դա արտահերթ ընտրությունների մասնակցության հայտարարություն է: Մինչև այս այն, ինչ եղել է իր անվան շուրջ, այդ գործընթացները, որոնք կային ի՞նչ էին դրանք, եթե ոչ քաղաքականություն: Դրանից ավել այս պահին ոչինչ հնարավոր չէ ասել: Դեռևս հստակեցում չկա, այն քաղաքական միավորների դիրքորոշումներում, որոնք կարող են դաշինքով հանդես գալ որպես նույն թևի առանձին միավորներ: Խոսքը նախկին իշխանությունների կուսակցությունների մասին է: Կարծում եմ, որ գրեթե բոլորն էլ ակտիվ մասնակցություն են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: