Մենք այդպիսի հանրային պահանջ չենք ստացել, միակ պահանջը, որ հանրությունից ստացել ենք՝ անել այն, ինչ չենք արել երկուսուկես տարվա ընթացքում: «Ազատություն» ռադիոկայանի առցանց ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով արտահերթ ընտրությունների մասին:
Ըստ Պապիկյանի՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջերին խոսել է արտահերթ ընտրությունների ճանապարհով հանրային համերաշխության գնալու ուղի և օրակարգ ձևավորելու մասին: Նրա խոսքով՝ գործընկերները դրան չեն արձագանքել կամ արձագանքել են ոչ դրական պատասխանով:
Ինչ վերաբերում է հանրային պահանջի որոշմանը, նախարարը նշել է, որ եղել են մարզերում, իրենց գործընկերները երկրի տարբեր հատվածներում հանդիպում են ունեցել քաղաքացիների հետ: «Ոչ ֆեյքային, իրական հասարակությունը այլ օրակարգ, այլ սպասումներ ունի իշխանությունից և երկրում կայունության սպասելիք ունի: Մենք օրակարգ ենք բերել՝ նպատակ ունենալով այդպիսով երկրում հանդարտության, մթնոլորտ ձևավորել ու նաև հնարավորություն տալ ընդդիմադիր քաղաքական ուժերին արտահերթ ընտրությունների միջոցով ասել իրենց ասելիքը և ստանալ հանրության գնահատականը, բայց այդ օրակարգը մերժվել է»,- ասել է Ս. Պապիկյանը:
Նրա խոսքով՝ պահել այդ օրակարգը՝ նշանակում է պոտենցիալ ներդնողների համար անկայուն իրավիճակ ստեղծել: «Մենք ուզում ենք կայունություն: Մենք նաև հայտարարել ենք մեր «ճանապարհային քարտեզի» մասին, չենք հայտարարել արտահերթ ընտրությունների ժամկետների մասին, հունիսին կամփոփենք, թե ինչ հաջողություններ ունենք ճանապարհային քարտեզի իրականացման առումով, և ըստ այդմ եզրակացություններ կանենք թե մենք, թե հանրությունը»,- մասնավորապես ասել է Պապիկյանը: