«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, շաբաթ-կիրակի իշխող «Իմ քայլը» հավաքվել էր Աղվերանում, նախապես ինֆորմացիոն արտահոսքեր եղան, թե խմբակցությունը քննարկելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, կիրակի երեկոյան էլ «Իմ քայլի» անունից հայտարարություն տարածվեց, թե «հանրային պահանջի բացակայության» պատճառով արտահերթ ընտրություններ չեն անցկացնի։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում իմքայլականները ո՛չ քննարկել, ո՛չ էլ առավել ևս որոշում են կայացրել, այդ որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանը և կիրակի պատգամավորների հետ հանդիպմանն ասել է այդ մասին։ Բայց հնարավորություն է տվել արտահերթ ընտրությունների կողմնակիցներին ելույթ ունենալ, հիմնավորել, թե ինչու է պետք արտահերթ ընտրություններ անցկացնել։
Արտահերթին կողմ են արտահայտվել միայն 4-5 հոգի, սակայն «առաջամարտիկը», որքան էլ զարմանալի է, եղել է Ալեն Սիմոնյանը, ով անգամ պատերազմից հետո Փաշինյանի ամենամոլեռանդ հրապարակային պաշտպաններից է։ Նա ասել է, որ պետք է գնալ ընտրությունների՝ լիցքաթափել մթնոլորտը։ Թիմը, մանավանդ այն հատվածը, որը ոչ մի շանս չունի հաջորդ խորհրդարանում հայտնվելու, երկու ձեռքով կողմ է եղել Փաշինյանի որոշմանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան վերադառնալուց հետո է հայտնի գրառումը արվել, որ «Իմ քայլը» դեմ է արտահերթ ընտրություններին։ Աղվերանում քննարկմանը ներկաներից շատերը վերջնական որոշման մասին չեն իմացել. հերթական անգամ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ անգամ առաջիկայում էլի պատգամավորական մանդատից հրաժարվողներ լինեն. նրանց անունները առաջիկայում կհրապարակենք՝ նշելով, թե խմբակցությունից ում են լիազորել համոզել պատգամավորներին, որ խմբակցությունից դուրս չգան կամ մանդատը վայր չդնեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ շատ թեժ իրավիճակ էր խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում, և շատերը «կուլիսներում» բարձրաձայնում էին, թե արտահերթ ընտրություններն իրոք անհրաժեշտ են»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկայումս ՀՀ-ում տնտեսական բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և առաջիկայում այն խորանալու միտումներ ունի։ Բանն այն է, որ պատերազմով պայմանավորված՝ երկրից լուրջ ծավալի գումար և ամբողջական բիզնեսներ են դուրս տարվել, ինչն ուղղակիորեն հարված է՝ առանց այն էլ փխրուն հայկական տնտեսության վրա։
Թերթի տեղեկություններով, իշխանությունները նպատակ ունեն ինչ գնով էլ լինի մի կերպ ներդրումների գոնե մի փոքր չափաբաժին բերել Հայաստան, որպեսզի առկա սոցիալտնտեսական աղետալի վիճակի հետ կապված որոշակի դրական փոփոխության իմիտացիա ապահովեն ու PR-ի հնարավորություն ստանան։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանության բոլոր ջանքերն առայժմ ապարդյուն են։ Ավելին, թերթի տեղեկություններով՝ այս օրերին արտերկրում գործող մի շարք գործարարներ «չորով» մերժել են իշխանությունների՝ նույնիսկ բավականին արտոնյալ պայմաններով արված բոլոր առաջարկները՝ բիզնես ներդրումներ անել Հայաստանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելու պահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը: Իսկ 20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամսով: Այս օրենքների դրույթները համադրելով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ իրավիճակ բացահայտեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դարձյալ խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը։ Բանն այն է, որ այս տարվա հունվարի 21-ին խորհրդարանում իր առաջին նիստն է գումարել նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, սակայն հանձնաժողովը ստեղծվել է հուլիսի 2-ին: Ու եթե համադրենք «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդվածի դրույթները, ապա ստացվում է, որ այդ կորոնավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի առաջին նիստը կայացել է կանոնակարգի խախտմամբ, այսինքն՝ այն օրը, երբ լրացած է եղել գործունեության համար սահմանված վեց ամիսը»։