Նախքան ԱԺ նիստի օրակարգի հարցերի քննարկումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, թե նստաշրջանում ընդգրկված 16 հարցերից ո՞րն է համարժեք մեր երկրի առջև կանգնած մարտահրավերներին:
ԱԺ նախագահը պատասխանեց, որ այս դժվար ժամանակներում իսկապես շատ մարտահրավերներ ունենք, որոնց պետք է ադեկվատ արձագանքել։ Միրզոյանը վստահեցրեց, որ այդ մարտահրավերներով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ։
Միրզոյանը նշեց, որ վերջին շրջանում յուրաքանչյուր քառօրյայից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարում են, թե քննարկվող հարցերն ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին ու առկա մարտահրավերներին, բայց քննարկումների ժամանակ՝ ելույթներում, շեշտում են, թե կարևոր հարց է, ու լուծման ուղիներ են մատնանշում:
«Կարևորն ու անկարևորը, համապատասխանն ու անհամապատասխանը, այնուամենայնիվ, հարաբերական հասկացություններ են,- նկատեց Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց, որ ԱԺ նստաշրջանում ընդգրկված է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը։
«Որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել, որ սա անկարևոր է, և պետության բնականոն գործունեության շարունակականության համար դրական ազդեցություն չունի, կամ պարտադիր չէ, որ ընտրենք»,- հարցրեց Միրզոյանը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր հերթին հիշեցրեց, որ նախագծերից մեկն առնչվում էր անմիջականորեն սոցիալական խնդրի լուծմանը։
Մակունցն ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց հանդես գալ առաջարկներով՝ խոսելով նաև առաջնահերթ խնդիրների մասին:
«Լավ կլինի, որ ընդդիմադիր գործընկերները հանդես գան առաջարկներով, մենք էլ կողջունենք: Իսկ առաջնահերթությունները ոչ միայն օրենսդիրի դաշտում են, այլև այլ հարթություններով հասցեագրվող խնդիրներ են։ Մենք էլ կողջունենք այդ առաջարկները»,- ընդգծեց իշխանական խմբակցության ղեկավարը։
Հիշեցնենք, որ գումարվել է ԱԺ հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 16 հարց։