Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ցանկանում է, որ երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է NL Times-ը։
Նիդերլանդների խորհրդարանի խորհրդարանական մեծամասնությունը հավանության է արժանացրել «Քրիստոնեական միություն» կուսակցության առաջ քաշած բանաձևը:
Կուսակցության ներկայացուցիչ, Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակի ղեկավար Ջոել Ֆորդևինդը նշել է, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Թուրքիան շարունակում է սպառնալ հայերին: Նա նկատել է, որ նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ պատերազմում աջակցություն տրամադրեց Ադրբեջանին:
«Այս ագրեսիան պետք է դադարեցվի»,- ասել է Ֆորդևինդը:
NL Times-ը նշում է, որ խորհրդարանական մեծամասնությունն աջակցում է բանաձևին՝ ընդգծելով, որ Ցեղասպանության ճանաչումը կնպաստի հաշտեցման գործընթացին և կկանխի նոր ցեղասպանությունները: «Հենց սրա համար էլ շատ կարևոր է, որ երկրները հստակ խոսեն: Խորհրդարանի գերակշիռ մեծամասնությունը կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը վերջապես անել դա»,- ասել է Ֆորդևինդը:
Նրա բանաձևը քվեարկության կդրվի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում՝ փետրվարի 9-ի կեսօրին: