Պատրաստել եմ օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ ստեղծել փաստահավաք խումբ, որը կքննի նախապատերազմյան շրջանը, բանակցությունների ընթացքը և համապատասխան զեկույցով հանդես կգա ժողովրդի առջև։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե չե՞ն ուզում պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը ներկայացնել ժողովրդին։
Վարչապետը նշեց, որ պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է։
«Այս պահին պատերազմի հետ առնչվող հազարից ավելի քրեական գործ կա քննվող։ Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ, և այդ մեխանիզմը քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն»,- նշեց վարչապետը։
Էդմոն Մարուքյանն արձագանեց, որ քրեական գործերը բոլոր պատասխանները չեն տալու։
«Մարտի 1-ի դեպքերից հետո քրեական գործեր կային հարուցված, բայց երկրում ստեղծվեց փաստահավաք խումբ։ Ապրիլյան պատերազմից հետո քրեական գործեր կան հարուցված, բայց ստեղծվեց հանձնաժողով»,- նշեց պատգամավորը։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա դրա լեգիտիմությունը ցածր է լինելու, քանի որ այն մեծամասամբ կազմված է լինելու իշխանության ներկայացուցիչներից։