Արտահերթ ընտրությունների առաջարկն անում էի, պայմանականորեն ասած, որպես հանգուցալուծում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հայտարարության մասին։
Ըստ վարչապետի, սակայն, ընդդիմադիր ուժերը ընտրությունների հանգամանքն օգտագործում էին որպես էսկալացիա ու ապակայունացնող գործոն։
«Մեր մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություններ չեն կրել: Մենք քաղաքական դաշտին առաջարկել ենք օրակարգ և ասել ենք, որ այդ օրակարգի համար առանցքային է խորհրդարանական ուժերի դիրքորոշումը»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այս փուլում արձանագրել են, որ արել են առաջարկ ու առնվազն խորհրդարանական ուժերի կողմից այն մերժվել է։ Նա նշեց, որ հետագա անելիքների վերաբերյալ ունեն ճանապարհային քարտեզ ու այդ քարտեզով շարունակելու ենք առաջնորդվել։ Վարչապետը հավաստիացրեց, որ կայունություն ապահովելու համար ջանքեր կգործադրեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում ևս արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա։