«Փաստ»-ը գրում է. «Նախօրեին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը: Դեռևս մինչև պատերազմը առաջինը Փաշինյանի դեմ հանրահավաքային պայքար սկսած Խաչիկ Ասրյանը պնդում է՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անպայման անցկացվելու են։ «Հայաստանում հետպատերազմյան ժամանակաշրջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն, իսկապես, միակ օրինական և սահմանադրական ճանապարհը կլինի»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված, գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին աջակցություն կտրամադրվի: Նշենք, որ Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում՝ ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ. այդ բնակարաններում թողել են իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, ավտոմեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որեւէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից»:
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ուշագրավ երկխոսություն է կայացել ԱԺ-ում։ Գոռ Գեւորգյանի հարցին՝ պատերազմի «շարունակական տրամաբանության» եւ մեր կատարելիք քայլերի մասին, արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը պատասխանել է, որ Թուրքիան տարբեր մեսիջներ է հղում մեզ․ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում։ Ինչպես գիտեք, շրջափակումը եւ սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում եւս արշալույսները խաղաղ չեն: Բանն այն է, որ 17 ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» դե ֆակտո գոյություն չունի, ու ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են այլեւս այլ ֆորմատով որոշում կայացնել ու պլանավորել, թե ինչպես կարող են հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Հիմա այդ ֆորմատով հանդիպումներ են ունենում ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ինչպես նաեւ նրանց կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը: Բայց նույնիսկ այս լիդերները միմյանց չեն վստահում եւ մեկը մյուսի հավատարմությանը կասկածող մտքեր են հայտնում տարբեր շրջապատներում»:
«Փաստ»-ը գրում է. «Օրերս տեղի ունեցավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ամփոփիչ-հաշվետու ասուլիսը, որտեղ նա մանրամասն անդրադարձավ ոլորտի հաջողություններին ու ապագայի ծրագրերին: Սակայն շատերին էր զարմացրել այն հանգամանքը, որ Արշակյանը, լինելով ԲՏԱ նախարար, հանկարծ սկսեց մեծ ոգևորությամբ խոսել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, իսկ ավելի ստույգ՝ այդ բուհի ռեկտորի պաշտոնի մրցույթի մասին: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը գործում է ԿԳՄՍ նախարարության գերատեսչական ենթակայության ներքո, ուստի արտաքուստ տարակուսելի էր ԲՏԱ նախարարի հետաքրքրվածությունը այս թեմայով»: