Երեկ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն։ Պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին՝ բացի ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրված երկու հայտարարություններից, այլ փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ, Տ․ Ավինյանը նշել էր․ «Ես, բացի ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված հայտարարություններից, այլ փաստաթղթից տեղեկացված չեմ։ Բացի եռակողմ հայտարարություններից, որոնք որ ներկայացվել են, կա Ադրբեջանի հետ ևս մեկ պայմանավորվածություն Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում։ Դա միակ պայմանավորվածությունն է, որն ինձ է հայտնի»։
Երեկ տարածվեց նաև տեղեկություն, ըստ որի՝ ստորագրվել է հուշագիր, հրապարակվեց նաև լուսապատճենները։ Այս առնչությամբ ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մատնանշելով ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված 6 կետանոց հուշագիրը։
Armenia Today-ը թեմայի շուրջ զրուցեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Նա շեշտեց՝ խոսքը կոնկրետ համաձայնագրի մասին է։
«Այդ համաձայնագրում ամենակարևոր կետն առաջին կետն է, որի վրա հենց պետք է կենտրոնանալ։
Ճանապարհների մասով պարզապես նշված է, թե ինչ կարգավորումներ պետք է արվեն, որի մասին գիտենք, տեսնում ենք։ Հուշագրի ամենաառաջին կետում հստակ ասվում է, որ 2020թ․ դեկտեմբերի 18-ին հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Զանգելանի և Կուբաթլուի շրջաններից։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կա բանավոր փոխըմբռնում կամ բանավոր պայմանավորվածություն, որի հիման վրա պետք է հետ քաշվենք։ Բայց, փաստորեն, ո՛չ բանավոր փոխըմբռնման, ո՛չ էլ պայմանավորվածության մասին էր խոսքը։ Կոնկրետ կնքված եռակողմ հուշագիր է»,-ասաց նա։
Վերհիշելով նախկինում արված հայտարարություններն ու իրենց մտահոգությունները՝ նա հավելեց․
«Մենք դեռ այն ժամանակ՝ դեկտեմբերին, ասում էինք՝ կարո՞ ղ է ինչ-որ այլ, նաև գրավոր համաձայնություններ կան, որոնց մասին մենք չգիտենք։ Պատասխանում էին՝ նման համաձայնագրեր չկան, բայց, մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ամիսներ հետո բացահայտվում է, որ կան նման համաձայնագրեր։ Բայց ասեմ, որ ես արդեն հունվարին գիտեի, որ կնքված նման հուշագիր կա, որը, իմ տրամաբանությամբ, կնքված էր դեռ նոյեմբերին»։