ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով գազալցակայաններում գազի տեսակի մասին տեղեկատվության ցուցադրման պահանջ կսահմանվի:
Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն՝ վառելիքի անվանման, նպատակային նշանակության՝ կոմունալ, կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք, վերաբերյալ: Այն պետք է տեղադրվի սպառողի համար տեսանելի վայրում:
Համապատասխան տեղեկատվությունը չտրամադրելու պարագայում վարչական տույժեր են սահմանվում. Խախտումն առաջին անգամ անելու դեպքում նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով և 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 500-ապատիկի չափով տուգանք:
Վարոս Սիմոնյանի խոսքով՝ սպառողների կողմից բողոք է ներկայացվել, որ տարանջատված վաճառք չի իրականացվում:
Փոխնախարարաը վստահեցրեց, որ սպառողները գազալցակայաններում կունենան պատշաճ տեղեկատվություն, թե վաճառվող գազն ինչ նպատակ ունի, այսինքն` դա կենցաղային օգտագործման, թե տրանսպորտային շարժիչների համար է: