2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբեր ԱԳՆ-ն, վարչապետի թույլտվությամբ, 112 անձի տրամադրել է դիվանագիտական անձնագրեր։ Այս մասին, ի պատասխան Armenia Today-ի գրավոր հացրմանը, տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունից խնդրել էինք նաև հայտնել, թե արդյոք այդ անձանց մեջ կա՞ն ոչ պաշտոնյաներ, գործարարներ և հեղինակություն ունեցող անձինք։
ԱԳՆ-ն անվանացուցակի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել՝ ելնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ տվյալները տնօրինող մարմնի կողմից դրանք երրորդ անձանց փոխանցումը սահմանափակող և ԱԳՆ համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի դրույթներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ-ն հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ 2018 թ. մայիսից մինչև 2020 թվականի սեպտեմբեր, ՀՀ վարչապետի թույլտվությամբ, տրվել էր 19 դիվանագիտական անձնագիր։
Հիշեցնենք նաև, որ տելեգրամյան ալիքներով տեղեկություններ էին շրջանառվում, որ Հայաստանի ԱԳՆ-ն պատերազմի նախօրեին և դրա ընթացքում 110 անձի դիվանագիտական անձնագիր է տրամադրել, իսկ այդ անձանց անունները գաղտնի են պահվում:
Իսկ ի՞նչ է դիվանագիտական անձնագիրը․
Դիվանագիտական անձնագիր տրվում է՝
- Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և նրանց ընտանիքների անդամներին.
- Հանրապետության պաշտոնաթող նախագահին.
- Ամենայն հայոց կաթողիկոսին.
- ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին.
- Կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ Անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին.
- արտաքին գործերի նախարարությունում և դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով.
- օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին
Դիվանագիտական անձնագիր տրվում է վարչապետի թույլտվությամբ՝ հինգ տարի վավերականության ժամկետով։