Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հրավիրած հավաք-քննարկման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատմեց, թե որտեղից է ծանոթացել աղմկահարույց հուշագրի բովանդակությանը։
Նրա խոսքով՝ Սյունիքում իրեն այդ փաստաթուղթը ներկայացրել են ռուս սահմանապահները։ Այն, որ Սյունիքը տեղ-տեղ ադրբեջանական է, մեղմ ասած, զարհուրելի է, քանի որ ստացվում է, որ մենք այսքան տարի ապրել ենք թուրքի հողում, իսկ թուրքը հանգիստ սպասել է։
Բագրատյանն ասաց, որ Փաշինյանը ստորագրել է նաև Google maps-ով սահման որոշելու մասին փաստաթուղթ՝ առանց դրանից գլուխ հանելու։ Իսկ այդ ընկերությունը կարող էր երկու տարի առաջ սահմանները տեղաշարժել, քանի որ ամերիկյան ընկերություն է։
Բագրատյանի համար անհասկանալի է, թե ինչպես է այդ հավելվածը ստուգում սահմանները, եթե սահմանազատում, սահմանների գծանշում նախապես չի եղել։
«Սյունիքի ճանապարհից 20 մետրի վրա պատ ենք կառուցելու ու պրծնենք դրանցից»,-ասաց Բագրատյանը։
Հիշեցնենք, որ օրերս պարզ է դարձել, որ բացի երկու եռակողմ ստորագրված փաստաթղթերից գոյություն ունի ևս մեկ փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի Դավիթ- Բեկ-Գորիս ճանապարհահատվածին։