Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը 2021թ. փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայութունը:
«Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Մոսկվայում փոխվարչապետների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ Նիստի ընթացքում քննարկվել էին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը: