«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև, այսպես կոչված, Լավրովյան փաստաթղթին:
Լրագրողը հարցրեց ՀՀ երրորդ նախագահին. ՀՀ առաջին նախագահը վերջերս հայտարարեց, որ իր տպավորությամբ՝ Ձեր վերընտրությունից հետո Դուք պատրաստ էիք ստորագրելու Լավրովյան պլանը։ Նախ՝ հասկանանք՝ դա Կազանյան փաստաթղթի մոդիֆիկացիա՞ն է: Եվ, առհասարակ, եղե՞լ է այդպիսի փաստաթուղթ, Դուք պատրաստ եղե՞լ եք 2018թ.-ին Ձեր վերընտրությունից և իշխանության մնալու դեպքում դա ստորագրել:
Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշեց.
«Նախ պետք է ասեմ, որ Լավրովյան փաստաթուղթ, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել։ Ի՞նչն է անվանվել Լավրովյան փաստաթուղթ. իմ ասած երկրորդ տարբերակը, այսինքն՝ Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը Լավրովն առաջարկել է համանախագահների անունով, և երբեք չի եղել մի, այսպես ասած, բանակցային գործընթաց, որ համանախագահներից որևէ մեկն առանձին իր գաղափարներն առաջարկեր։ Միշտ համաձայնեցված է եղել։ Սա էր այն, ինչի մասին ես ասացի։ Եվ այն, ինչ կոչվում է Լավրովյան փաստաթուղթ և Կազանյան փաստաթուղթ։ Իմիջիայլոց, Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018-ը, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել»:
Ճշտող հարցին՝ Լավրովյան պլան, որպես աշխատանքային փաստաթուղթ, գոյություն չունի՞, Սերժ Սարգսյանը նշել է.
«Ուզում եմ նաև այդ մասին մի քիչ խոսել, որովհետև շատ-շատերը լավ չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում աշխատանքային փաստաթուղթ, ի՞նչ է նշանակում առաջարկություն, և ի՞նչ է նշանակում ընդհանրապես թուղթ, որ տալիս են քեզ՝ ծանոթանալու համար։ Աշխատանքային փաստաթուղթն այն փաստաթուղթն է, որ միջնորդները ներկայացնում են իրենց պատկերացրած լուծումը, և կողմերն ասում են՝ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է բանակցել և գալ համաձայնության։ Եվ սկսվում է արդեն աշխատանքը՝ ըստ տողերի, սկզբունքների և այլնի։ Սա է աշխատանքային փաստաթուղթը և ոչ թե այն, ինչը բազմաթիվ անգամ կարող են անել համանախագահները՝ իրենց գաղափարները գրավոր կերպով կամ բանավոր կողմերին հայտնելով։ Գաղափարները կարող են բազմաթիվ լինել, բայց երբ միանգամից ծանոթանալով այդ գաղափարին՝ ասում ես՝ սա անհնար է քննարկել, այլևս քննարկում չի լինում։ Ես ենթադրում եմ, որ այն փաստաթուղթը, որ 2019թ.-ի ապրիլին տրվել էր կողմերին, բնականաբար, այդ թվում՝ հայկական կողմին, հայկական կողմի պատասխանը, ամենայն հավանականությամբ, եղել է, որ, այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է քննարկումներ իրականացնել։ Հակառակ պարագայում, եթե մերժվեր, ապա, երևի, այլ առաջարկություններ կներկայացվեին, կամ այն գլխից համանախագահները կասեին, որ իրենց առաջարկները մերժված են»։
Իսկ դիտարկմանը՝ առաջին նախագահը ճի՞շտ էր իր եզրակացության մեջ, ու հարցին՝ պատրա՞ստ էիք իշխանության մնալու դեպքում ստորագրել այդ աշխատանքային տարբերակը, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Ես ոչ միայն պատրաստ էի ստորագրել, այլ ես բացառապես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը։ Եվ ես այն ոչ թե պետք է գաղտնի ստորագրեի, այլ, բնականաբար, երբ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը շատ մեծ և բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում։ Ես վստահ չէի, որ հասարակության մեծ մասը դրան կարող էր սատարել, իհարկե, եթե հիմա հնարավորություն ունենայինք պատմության անիվը հետ պտտելու և վերադառնալու 2018թ., կարծում եմ՝ մեր բնակչության 99 տոկոսը դրան կողմ կլիներ»: