Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Փետրվարի 15-ին Թուրքիայի 40 նահանգներում իրականացված համաժամանակյա օպերացիայի ընթացքում թուրք իրավապահները ձերբակալել են այդ կուսակցության 718 անդամի: Նրանց թվում են նաև կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Ոստիկանությունը խուզարկել է նրանց տները։
Թուրքիայի ներքին գործերի հաղորդմամբ՝ այդ օպերացիաների նպատակն է գաղտնազերծել երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության գործողությունները:
Նշվում է, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել նաև HDP-ի նահանգային գրասենյակներում:
Նկատենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո առայսօր տասնյակ հազարավոր ընդդիմադիրներ են ձերբակալվել: Նրանց թիվն այնքան մեծ է, որ բանտերում արդեն ազատ տեղ չի մնացել: