Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զեկուցել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2020թթ. միջոցառումների ծրագրով՝ 2020թ. կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ:
Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների հասցեականությունը և հետաքրքրվել դրանց գործնական արդյունավետությամբ: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, կարևորել է քաղաքական կոռուպցիայի դրսևորումների կանխարգելման ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Բադասյանը նշել է, որ նախատեսվում է գործող 2՝ իրական շահառուների և սեփականատերերի ինստիտուտների միասնականացմամբ ներդնել իրական սեփականատերերի բացահայտման գործուն մեխանիզմ՝ էլեկտրոնային համակարգի ներդրման և տեղեկատվական համապարփակ բազայի ստեղծման միջոցով:
Տեղեկատվությունը լինելու է հրապարակային: Ակնկալվում է, որ հակակոռուպցիոն համակարգի մարմինների լիակատար ձևավորմանը զուգահեռ գործընթացի արդյունավետությունը կբարձրանա: