ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է սպառազինության խնդիրներին՝ խոսելով նաև իր ղեկավարման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Լրագրողի դիտարկմանը՝ դուք ընդունում ե՞ք, որ եթե Ձեր ժամանակ շատ ավելի տեխնոլոգիական զենքերով սպառազինվեինք՝ կարող էինք ավելի պատրաստ լինել այս պատերազմում՝ Ս. Սարգսյանը նշեց.
«Ես չեմ կարող դա հերքել, որովհետև ինչքան շատ ունենայինք, երևի, այնքան լավ: Բայց ես հերքում եմ այն տխմար թեզը, թե, իբր, մինչև 2018 թվականը մեր բանակը մարտունակ չէր, մեր բանակը սպառազինություն չուներ և այլն, և այլն:
Բա եթե մենք բանակ չունեինք, ինչպե՞ս 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին, կարելի է ասել, պարտադրեցինք, որ հրադադար հաստատի: Բա եթե մենք ընդհանրապես բանակ չունեինք, ոչ մի բան չունեինք, ինչո՞ւ մինչ 2016թ.-ը, 2017թ.-ին, 2018թ.-ին Ադրբեջանը նման բան չէր անում: Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Իրականությանը համապատասխանում է հետևյալը. մենք երբեք Ադրբեջանից շատ և ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել. սա իրականություն է: Ո՛չ 1992-94 թվականներին, ո՛չ 2016թ.-ին, ո՛չ էլ 2020թ.-ին, բայց առաջին երկու դեպքերում դա մեզ չի խանգարել հաղթել, որովհետև… չասեմ պատճառները: Որովհետև խնդրով զբաղվել են նվիրված մարդիկ, գիտակ մարդիկ, և մարդիկ, որոնք անմնացորդ նվիրված են եղել այդ գործին»:
Պատասխանելով հարցին, թե Ձեր նախագահության օրոք ինչո՞ւ չարտադրվեցին կամ ինչո՞ւ չգնվեցին բավարար չափով անօդաչուներ, Սերժ Սարգսյանը նշեց, որ հարցինմի քիչ այլ կերպ կպատասխանի:
«Դեռևս թալանը դնենք մի կողմ, բուն հարցին անդրադառնանք: Դեռևս Ապրիլյան պատերազմից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, Ապրիլյան պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինությունների ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությունների արդյունքով և քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով ու նորարարությամբ: Եվ մենք 2018-2024 թթ. համար երկու փաստաթուղթ հաստատեցինք. փաստաթուղթ համար մեկ՝ զինված ուժերի զարգացման պլան, բաղկացած 169 կետից, թե մենք ինչ պետք անենք, ինչ փոփոխություն պետք է մտցնենք զինված ուժերում և որ զինատեսակները պետք է զարգացնենք, ու արդյունքում ինչ պետք է ստանայինք: Ադ փաստաթղթի հիման վրա կազմվեց ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան»,-նշեց նա՝ շեշտելով, որ այդ պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար:
«Այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային: Մի թիվ ասեմ՝ աթոռից բռնվեք, չընկնեք. նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք»,-շեշտեց Ս. Սարգսյանը:
Հարցին՝ այդ գործարնքները հետո չարվեցի՞ն՝ նա ասաց.
«Ոչ: Ընդ որում՝ 2018-2020թթ համար նախատեսված էր ձեռք բերել հազարից մի քիչ ավելի ԱԹՍ: Բայց, ցավոք սրտի, փոխեցին այդ ամողջ ծրագիրը: Փոխեցին՝ չգիտես ինչից ելնելով: Միգուցե ելնելով հայկական պաշտոնյանի բնավորությունից՝ «ես եկել եմ, ինչ-որ բան պիտի փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում» տրամաբանության մեջ»:
Դիտարկամը՝ այս իշխանության օրոք սպառազինության ամբողջ պլանը փոխվե՞ց՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այո, հաստատապես փոխվել է, որովհետև «ՏՈՌ»-երը, որը Հայստանը պետք է ձեռքբերեր երեք խմբաքանակով, ձեռք բերեց մեկը, այն էլ՝ մեր ստորագրած պայմանագրով»:
Լրագրողի արձագանքին՝ բայց ՍՈՒ-30 հո գնեցինք՝ նա ասաց. «Բա որ գնեցիք, հետո օգտագործեցի՞ք: Քանի՞ անգամ թռավ Սու-30-ը: Մի անգամ թռավ Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ՝ այն էլ այնպիսի ապաշնորհ ձևով, որ ստիպված եմ եղել իմ գործընկերներից մեկին խնդրել, որ զանգի ՊՆ ու ասի՝ այդ հիմարությունը մի արեք, մենք տեսնում ենք, որ այս ինքնաթիռն առանց սպառազինության է թռնում»: