Ներողություն բառիս համար, Շուշիի անկումը ուզում էին գցել Սեյրանի ջեբը: Բայց նա այնտեղ ընդամենը խորհրդատուի դերում էր: Կամ Լևոն Մնացականյանին ի՞նչ ստորաբաժանումներ էին տվել, հրամանատարը հրամանատար է ենթակա ստորաբաժանումներով, եթե նա չունի ենթակա ստորաբաժանումներ: Եթե նա ուժ չունի կռվելու, ի՞նքն է ավտոմատը վերցնելու ու գնա կռվի, հո դասակի հրամանատար չէ: Եվ, հետո, հեքիաթներ են պատմում, թե ինչու Շուշին այդպես եղավ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների հետ, տասնյակ գեներալների հետ, մինչ այսօր չեմ կարողանում պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, և ընդհանրապես, այդ ճակատը ով է ղեկավարել: Լավ, այն ժամանակ, ենթադրենք, գաղտնիք էր, բա հիմա ինչո՞ւ չգիտենք, թե ով է եղել հրամանատարը:
Հարցին՝ Շուշին ընկե՞լ է, թե՞ հանձնվել, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում այսպես, կոպիտ ասած, միտումնավոր տվել են: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 20-ի կողմերը՝ հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում եմ, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, որոնց հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել»: