«Դիվանագիտական ճանապարհն արդեն բաց է։ Իրանը նախկինի պես զգալիորեն հեռու է նախկին պայմանավորվածությունների պահպանումից։ Այնպես որ, պետք է տեսնել, թե ինչ է նա անելու»,- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքն է մեջբերում NPR-ը, նշելով, որ նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը փորձե՞լ է այդ հարցի շուրջ որևէ շփում ունենալ Իրանի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Իրանի հետ միջուկային համագործակցության վերջնաժամկետ չկա:
Այս մասին, մասնավորապես, լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք չենք առաջնորդվում ոչ մի կոնկրետ ժամկետով»,- ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը հետեւյալն է. Եթե Իրանը հավատարիմ մնա գործողության պլանին, ապա Միացյալ Նահանգները նույնկերպ կվարվի: