«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ այն, ինչ հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մոտ 90 տոկոսով ճիշտ է։
Այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնեց, որ ինքը հոկտեմբերի 2-ին գնացել է Արցախ, այնտեղ իմացել է, որ թույլ չեն տվել նախկին արհեստավարժ գեներալներին մասնակցել պատերազմի հետ կապված հարցերի քննարկմանը:
«Լսել եմ, որ գեներալներին զանգել և ասել են, որ դուրս գան սենյակից։ Բոլորը, ըստ էության, շատ հիասթափված ու նեղացած Ստեփանակերտի հրապարակում կանգնած են: Ես դա տեսել եմ»,- նշեց նա։
Էդմոն Մարուքյանը արցախյան այցից նաև այլ մանրամասներ հայտնեց․
«Երբ ես հասա Արցախ, դա Արայիկ Հարությունյանի հայտարարության օրն էր, երբ ասաց, որ բոլորս գնում ենք պատերազմ, ու գնացել էր առաջնագիծ: Մենք զենք ուզեցինք այդ ժամանակ, որ միանանք: Մեզ ասվեց, որ հենց հիմա հետ գանք, ամեն ինչ անենք, որ պատերազմը կանգնեցնենք՝ օգտագործելով բոլոր լծակները։ Արցախում այն տրամադրություններն էին, որ պատերազմում պարտվելու ենք»։
Մարուքյանի կարծիքով՝ Արցախի նախագահը պետք է պատասխան տա նրա համար, որ մերժել է նախկին նախագահների հանդիպման խնդրանքը, որոնք փորձել են օգնել:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել՝ անդրադառնալով պատերազմի ընթացքին, զենքի խնդիրներին և այլ հարցերի։