«Փաստ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում քիչ չեն համայնքները, որտեղ ձմռան ամիսներին բավական լուրջ է դրված վառելիքի հարցը, քանի որ գյուղացիներն ուղղակի ի վիճակի չեն գազով կազմակերպել իրենց բնակարանները տաքացնելու հարցը, ստիպված օգտվում են բնափայտից։ Այս թեման առավել խնդրահարույց է հատկապես այն համայնքներում, որոնք գտնվում են անտառային ու անտառամերձ հատվածներում։ Դեռեւս աշնան սկզբից իշխանությունների հատուկ հանձնարարականով խստացված է ծառահատման գործընթացը, եւ գյուղացիները բացառապես օրենքով սահմանված կարգով են կարողանում փայտ ձեռք բերել»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը վերջապես ներկայացրել է իր աշխատանքների վերաբերյալ զեկույց»:
«Ժամանակ»-ը գրում է. «Վաղը՝ փետրվարի 19-ին, Բաքվում նախատեսվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ 9-րդ հանդիպումը: Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանը պնդելու է, որ Վրաստանը շարունակի Հայաստանի երկաթուղային շրջափակումը՝ դրանով փորձելով Հայաստանին ստիպել համաձայնվել տրանսպորտային ենթակառուցվածքները ապաշրջափակելու իր համար ընդունելի պայմանների հետ: Ինչպես միշտ, Ադրբեջանը պատրաստ է իր պահանջները բավարարելու դիմաց Վրաստանին առաջարկել լրացուցիչ ներդրումային ծրագրեր»:
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Սա նշանակում է թույլատրել, որ փաստաթղթաշրջանառության ժամանակ հայերենից բացի կիրառվի ռուսերենը։ Երեկ ԱՀ որոշ պաշտոնյաներ, բարձրացած աղմուկին ի պատասխան, պարզաբանումներ ներկայացրին՝ ասելով, որ նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, Ռուսաստանի հետ հաղորդակցության խնդիրներին իրավական լուծում տալու անհրաժեշտությամբ, եւ ռուսերենը պետական լեզու չի դառնալու»:
«168 ժամ»-ը գրում է. «ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, նշեց՝ դրական է գնահատում այն. «Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մյուս երկու նախագահների և Արցախի նախագահների հետ միասին, մեր երեսնամյա նորագույն պատմության կերտողներից մեկն է»:
Նյութերի մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։