«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատանքից ազատվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցներ՝ Վահե Մարտիրոսյանը, որը գլխավոր տնօրենի տեղակալն էր, Գևորգ Վիրաբյանը՝ իրավական հարցերով խորհրդատուն, և Գոռ Մարտիրոսյանը՝ ֆինանսական բաժնի տնօրենը»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Գործարար, «Ռան Օյլ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը՝ Բենզին Ռուբոն, մասամբ վաճառել է իր ընկերությունը: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է բենզինի եւ դիզվառելիքի վաճառքով: Հետաքրքիր է, սակայն, որ գործարար Գալուստյանն իր ընկերությունը վաճառել է, ոչ ավել, ոչ պակաս, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Գաղտնիք չէ, որ վերջինս սերտ հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչների հետ եւ, երեկ տարածված տեղեկությունների համաձայն, փորձում է տեռորի ենթարկել մյուս ընկերություններին եւ մենաշնորհային դիրք գրավել»:
«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր՝ փետրվարի 19-ին, կկայանա «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի՝ այսպես կոչված, Թաղման բյուրոյի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը։ Այս պաշտոնը թափուր է 2020 թ․ սեպտեմբերի 11-ից, տնօրենի ԺՊ է նշանակվել Մարությանի ընկեր Վահե Խաչատրյանը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչի եղբոր փեսան։ Մեր տեղեկություններով, Մարությանն ամեն ինչ անում է, որ այս յուղոտ պաշտոնին նշանակվի իր մտերիմը, սակայն մրցույթին մասնակցելու համար դիմել է 5 թեկնածու, ուստի թեժ մրցակցություն է սպասվում։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը նախկինում զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Կարծես, թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Բանն այն է, որ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՍՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մակունցի ագրեմանը դեռեւս չի հաստատվել, բայց ԱՄՆ-ից դրական արձագանքներ կան, Մակունցի կենսագրությունը անբիծ է, ու նորմալ են վերաբերվել նրա՝ դեսպան նշանակվելուն»:
«Ժամանակ»-ը գրում է. «Հանրակրթական դպրոցներում կրճատումների ալիքը շարունակվում է: Մեր տեղեկություններով՝ կրճատում են ուսմասվարներին. որտեղ երկու ուսմասվար կա, թողնում են մեկին: Սա հիմնականում բացատրվում է դպրոցների ֆինանսավորման կրճատմամբ»: