ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի արած որոշ հայտարարություններ: Հանրային հեռուստաընկերության եթերում պատգամավորն, անդրադառնալով բանակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի` այս իշխանության հասցեին արված մեղադրանքներին, մասնավորապես անօդաչու թռչող սարքեր չգնելու խնդրին, Ռուբինյանը պատասխանել է. «Ասում են՝ 1000 ԱԹՍ պետք է ձեռք բերվեր 2018-2020 թթ-ին, որքանով ես տեղյակ եմ, պլանում, որը չի փոխվել, նման բան չկա»։
Հարցին՝ ինչո՞ւ են պատերազմի օրերին թանկ զրահաբաճկոններ ձեռք բերել, Ռուբինյանն ասել է․ «Կարծում եմ՝ ՊՆ-ին պիտի ուղղեք այդ հարցը, բայց գիտեմ, որ պատերազմի օրերին զրահաբաճկոններ ձեռք բերելու հարցը բավականին շտապ էր»:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ 2018-2020 թվականների համար 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ը նախատեսված է եղել ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար:
Սարգսյանը նաև նշել էր, որ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, իսկ նոր իշխանություննները, ըստ Սերժ Սարգսյանի, փոխել են զենքի ձեռքբերման պլանը։
Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում, խոսելով կոռուպցիայի մասին, ասել էր, որ պատերազմի օրերին իշխանությունը 600 դոլարով զրահաբաճկոն են գնել։