Այսօր Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրագրողների հետ զրույցում, ի պատասխան նրանցից մեկի հարցին, նախ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, նշելով, որ նրա ներկայացրած պնդումներն ավելի շատ նոր հարցեր առաջացրեցին, քան հարցերին պատասխանեցին: Մակունցի համար անհասկանալի է, թե ինչու է Սերժ Սարգսյանը հիմա հարցազրույց տալիս, երբ դրա կարիքն այլևս չկա, ինչո՞ւ չէր ավելի վաղ խոսում: Բացի այդ երկրորդ նախագահի խոսքում բազմաթիվ իրարամերժ, հակասական պնդումներ կային:
Իսկ ինչո՞ւ վարչապետը չի արձագանքում նույնիսկ երկրորդ նախագահի սպառազինության վերաբերյալ բարձրաձայնած խնդիրներին, նրա արած հայտարարություններին: Մակունցը նկատեց, որ այս առնչությամբ ևս պնդումներն իրարամերժ են: ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն ասում էր՝ ինչո՞ւ պլանը չփոխեցիք, հետո հայտարարեց, որ պլանը փոխվել է: Հիմա էլ Սերժ Սարգսյանն է ասում, որ պլանը փոխվել է, չնայած, այն չի փոխվել: Նման հակասական մտքերը, ըստ Մակունցի, բազմաթիվ էին:
Արտահերթ ընտրությունների մասին. լրագրողներին հետաքրքրեց, թե եթե վաղն ընդդիմության հանրահավաքը զանգվածային բնույթ կրի, ապա հնարավո՞ր է, որ իշխանությունը փոխի իր մտադրությունը և, այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններ անցկացնի: Այս դիտարկման առնչությամբ Մակունցը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իշխանությունը չի մերժել արտահերթ ընտությունների անցկացումը, ուղղակի, հետևել է ընդդիմության արձագանքին: Իսկ այն եղել է բացասական:
ՀՀ իշխանությունների Արցախ այցելությունների մասին. ինչպես նկատում են շատերը, պատերազմից հետո ՀՀ պաշտոնյաները չեն այցելում Արցախ՝ նրանց մուտքն այնտեղ արգելվե՞լ է, թե՞ այլ պատճառ կա: Մակունցը հավաստիացրեց, որ նման արգելք չկա, և հայաստանցի պաշտոնյաները, իմքայլական պատգամավորները պարբերաբար այցելում են Արցախ:
44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները քննող հանձնաժողով ստեղծելու մասին. Մակունցը նշեց, որ իրենց խմբակցությունը ողջունել է քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Ինչ վերաբերում է Մարուքյանի կողմից ներկայացված պարիտետային քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարին, ապա Մակունցի խոսքով, մեր սահմանադրությունը թույլ չի տալիս նման հանձնաժողով ստեղծել: Նա նշեց, որ Մարուքյանին առաջարկել են ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել: Մակունցը նաև հավելեց, որ այսօր բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված:
Դատախազությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի քրեականացվելու է զրպարտությունը: Այս առնչությամբ հարցին ի պատասխան էլ, Իմ քայլը խմբակցության ղեկավարը նշեց, որ այն դրված է հանրային քննարկման և երբ բերվի խորհրդարան, այդ ժամանակ էլ կներկայացնեն իրենց տեսակետը:
Մանրամասները՝ տեսանյութում․