Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը:
«Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական ջանքեր ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:
ԱԳ նախարարներն ընդգծեցին միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը և սերտ փոխգործակցությունը:
Նախարարներ Այվազյանը և Ջայշանկարն անդրադարձան միմյանց տարածաշրջաններում անվտանգության և խաղաղության հարցերի: Երկուստեք ընդգծեց հակամարտությունների՝ բոլորի շահերը հասցեագրող խաղաղ կարգավորման հրամայականը: Այդ առնչությամբ Արա Այվազյանն երախտագիտություն հայտնեց իր գործընկերոջը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում հայ ժողովրդին հայտնած համերաշխության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախարար Այվազյանը բարձր է գնահատել նաև նախորդ տարեսկզբին COVID-19 համավարակի ընթացքում Հնդկաստանի՝ Հայաստանին ցուցաբերած աջակցությունը։