Կրկնազարթոնքը լինելու է Հայաստանում, կրկին ոտքի ենք կանգնելու և Հայաստանն ու Արցախը տանելու ենք դեպի առաջ: Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանը:
«Այն արժեքները, որոնք ձեռք էինք բերել այս 30 տարվա ընթացքում, բավարար էին, որ մենք այս 30 տարվա պատմությունը կերտենք և գնանք դեպի առաջ, ստեղծենք մեր պետությունը և նրա համար անչափ կարևոր հայկական բանակը։ Ըստ էության, այս ազատության տարիներին մենք մեր գործունեությունը կառուցել ենք մեր անկախության, ինքնիշխանության, Արցախի ու հայկական հզոր բանակի շուրջ։ Եվ այդ բանակն օրըստօրե կատարելագործվել է։ Այս պարտությունը գցել բանակի վրա, ճիշտ չէ, և ամենակարևորը՝ բարոյական չէ։ Այս պատերազմի ժամանակ բանակը մեն-մենակ հայտնվեց հակառակորդի դիմաց։ Բանակը մնաց առանց թիկունքի»,- ասել է նա։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ հայ զինորականները մարտի դաշտում իրենց կյանքն են տվել մեր արժանապատվության համար: «Սակայն բանակի թիկունքը շատ փխրուն է եղել մինչև պատերազմը և ողջ պատերազմի ընթացքում: Այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունը ցածրացրել են մարտավարական ամենափոքր կետի: Բանակն էլ են բաժանել հնի ու նորի»,- նշել է նա: