Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, որը հայտնվել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու սպառնալիքի առաջ:
Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը գրառում է արել իր facebook-յան պաշտոնական էջում:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը գրառման մեջ նշել է. «Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին և Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ Կարո Փայլանին»։
Ինչպես հաղորդում է Ahval-ը, Թուրքիայի ՆԳՆ-ն պահանջել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության 9 պատգամավորների, որոնց թվում է նաև Կարո Փայլանը: Պարբերականը նշում է, որ նրանց անձեռնմխելիությունից զրկելու հարցումն ուղարկվել է 2014 թվականին տեղի ունեցած փողոցային բողոքներին նրանց ենթադրյալ մասնակցության կապակցությամբ: