Հանրահավաք հրավիրած քաղաքական ուժերը մերժել են «Իմ քայլ»-ի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ նրա՝ հանրահավաքի նպատակն արտահերթ ընտրությունները չեն։
Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն իմաստ ունի անցկացնել, եթե կա հանրային լայն պահանջ, ինչը, նրա դիտարկմամբ, չկա։
«Ընդդիմադիր ուժերը, մերժելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրակարգը, հրաժարվում են իրենց իշխանություն լինելու հայտից։ Երբ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, թե եթե արտահերթ խորհրդարանական ընտտրություններ լինեն, իրենք կմասնակցեն, դա չի նշանակում, որ նա հանաձայն է արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Եթե Էդմոն Մարուքյանը համաձայն է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա ինչո՞ւ է հայտարարում, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում, ինքը կառաջադրվի վարչապետի պաշտոնում։ Խորհրդարանական ուժեր՝ ԲՀԿ և ԼՀԿ, հենց հիմա եկեք հուշագիր ստորագրենք այն մասին, որ համաձայն եք արտահերթ ընտրություններին, որից հետո վարչապետը հրաժարական կտա»,- նշեց նա։
Խոսելով ընդդիմության հանրահավաքի մասին՝ Ռուբինյանը շեշտեց, որ նման հանրահավաքներ այդ ուժերը նաև նախկինում են անցկացրել, դա նրանց սահմանադրական իրավունքն է։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք էր անցկացրել։ Այսօրվանից շարժումն ամենօրյա ռեժիմով անհնազանդության բողոքի ակցիաներ է անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։