Եթե Դուք անաչառ Ազգային ժողովի նախագահ եք, պարտավոր եք հրավիրել արտահերթ Աժ նիստ և քննարկել մեկ այլ հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որ պետությունը կկրակի ժողովրդի վրա։ Դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ այս մասին այսօր տեղի ունեցող երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա անդրադարձել է լրագրողի հարցին, որ Գևորգ Պետրոսյանից հետո հաջորդը ինքն է լքելու խմբակցությունը։
«Ես որևէ պատճառ չունեմ խմբակցությունը լքելու»,- ասել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ նախորդ օրը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատասխանեց այս օրերին քննարկվող մի շարք հարցերի: Անդրանիկ Քոչարյանը Վազգեն Մանուկյանին կոչ է անում ոչ թե ուրիշներին ուղարկել, այլ անձամբ գնալ, որպեսզի դուռը բացողները հասկանան, թե իրենց հետևից ով է եկել, ինչու է եկել, և ինչպես պաշտպանվել նրանցից: Ապա նա անդրադարձավ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, թե պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ գրավել կառավարական շենքերը, հիշեցնելով նոյեմբերի 10-ին տեղի ունեցածը, ասաց, թե նման հայտարարություններ անելուց առաջ պետք է իմանալ, որ այդ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետական անվտանգության համակարգը մոնոպոլ իրավունք ունի կրակելու:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավար Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը` ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ասել է․
«Իրենց վզին շուրջ 10 հազար մարդու արյուն կա, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա, նոր խելագարություն է»: