«Փաստ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության։ Բայց մասնակցում է միայն… բուկլետներով:
Ճիշտ է, երեկ օրվա ընթացքում նախարարությունը պարզաբանեց, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի, բայց սա առավել ցցուն է դարձնում նախարարության, մեղմ ասած, անպատասխանատու աշխատանքը: Նման գործելաոճը բնորոշ է ընդհանրապես այս կառավարությանը, երկրորդ՝ ԲՏԱ նախարարը ավելի շատ զբաղված է այլ գործերով, քան իր ոլորտին վերաբերող»:
«Հրապարակ»-ը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել փետրվարի 1-ից մինչեւ մարտի վերջը Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու, երթեր մեկնարկելու վերաբերյալ, բացառությամբ մարտի 1-ի․ այդ օրը Օպերայի բակը բրոնյա է արվել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից, ով միութենական պետության ջատագովներից է, ռուսամոլների հայտնի խմբակի անդամ»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այս ընթացքում Սերժ Սարգսյանն աշխատում է Տիգրան Սարգսյանին Հայաստան վերադարձնել ու վարչապետի էստաֆետը նրան փոխանցել: Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է իր թիմից մեկին վարչապետի «աթոռին» վերադարձնելու համար, քանի որ այլ նպատակներ ունի: Ու ընդդիմադիր լիդերների առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի սրտով չէ, ավելին՝ վերջինս ներսում լուրջ քննադատում է նրան ու վարչապետի պաշտոնում նրան չի էլ տեսնում»:
«Հրապարակ»-ը գրում է. «ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթաց է սկսել։ Նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հետ։ Ջհանգիրյանն արդեն երեք անգամ այցելել է ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրված վճռաբեկի նախագահին, քննարկել են որոշ գործերով դատավորների աշխատանքները համակարգելու, նրանց հրահանգավորելու հարցեր։ Նաեւ մի քանի անգամ այցելել է վարչապետի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանին։ Այս մասին մեզ ասաց նաեւ դատավոր Կարինե Պետրոսյանը, ով դիմել է ԲԴԽ՝ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Ի դեպ, նախօրեի կալանքի սանկցիաներով էլ Ջհանգիրյանը պասիվ չի եղել»։
«Փաստ»-ը գրում է. «Նախօրեին «իմքայլական» Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին, ասել է. «Եվ եթե մտածում են, որ պետք է շենքեր գրավեն, ապա պետք է մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, այլ՝ պետականությունն է պահում, եւ նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։
Նույնիսկ «քայլողների» մեջ քիչ չեն եղել այնպիսիք, որոնք ապշել են Քոչարյանի հերթական անհավասարակշիռ հայտարարությունից. ոմանք երեկ նեղ շրջապատում նաեւ կոշտ գնահատականներ են հնչեցրել վերջինիս հասցեին»: