Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի են ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի վերադասավորումներ։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Ըստ նախարարի, սակայն, այդ գործընթացն ամբողջությամբ չի բյուրեղացվել, և նա դեռ չի շտապում որևէ գնահատական հնչեցնել։
Այդուհանդերձ, Արա Այվազյանն արձանագրեց, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման և անվտանգության ապահովման գործում առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնությունը։
Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով՝ տարածաշրջանային գործընթացներում ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի նկրտումները։
«Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովվումը եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը։ Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը։ Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում»,- նկատեց նախարարը և հավելեց, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը կհամարվի հակամարտության վերջակետը։
Նա նշեց, որ իրենք հանձնառու են կարգավորման վերսկսմանը, սակայն, դրա համար նախ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր։ Իսկ դրանք, ըստ Այվազյանի, ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն։
«Դա է վկայում Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար մասի չկատարմամբ, որը, մասնավորապես, նկատվում է գերիների՝ հայրենիք վերադարձնելու խոչընդոտների ստեղծմանը։ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է։ Մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը։ Տարածաշրջանում ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահությունը»,- շեշտեց նա։
Արա Այվազյանն, անդրադառնալով տարածաշրջանի ապաշրջափակման հարցին, ընդգծեց, որ այն պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժն առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների։