«Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները շատ ինտենսիվ շփումներ ունեն ամենատարբեր ուղղություններով։ Ես ճիշտ չեմ համարում մեկնաբանել ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերը, կարծում եմ՝ իրավասու մարդիկ ժամանակին համապատասխան տեղեկատվություն կներկայացնեն։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հայտարարությունը։
Նշենք, որ Վ․ Հարությունյանը հայտարարել էր, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի կարողությունների ընդլայնմամբ և զարգացմամբ։ Նշենք, որ լրագրողների հետ զրույցը տեղի է ունեցել Հաղթանակի զբոսայգում, ուր ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:
Հարցին, թե երբ կվերսկսվի ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը, Կոպիրկինը պատասխանել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքը չի ընդհատվել: «Համանախագահները մշտական շփումներ են պահպանում միմյանց հետ, պարբերական հանդիպումներ են անցկացնում, հնարավոր է, որ նրանք այցելեն տարածաշրջան, այնպես որ, այդ գործընթացը չի ընդհատվել»,-նշել է ՌԴ դեսպանը:
Կոպիրկինը պատասխանել է նաև ռազմագերիներին վերադարձնելու հարցին:
«Հայ ռազմագերիների և այլ պահված անձանց վերադարձի ուղղությամբ աշխատանք է տարվում մշտապես, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ։ Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ռազմագերիների նոր խմբերի վերադարձի մասին։ Իհարկե, մենք կցանկանայինք արագացնել գերիների վերադարձի գործընթացը՝ «բոլորին բոլորի դիմաց սկզբունքով»,-ասել է Կոպիրկինը՝ հավելելով, որ այս հարցի վերաբերյալ որևէ այլ նորություն այս պահին չունի։