Հայաստանի ընդդիմությունը ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից պահանջում է դուրս գալ ցուցարարների մոտ և բացատրություն տալ ոստիկանության գործողությունների վերաբերյալ:
Այս մասին գերատեսչության շենքի մոտ ասաց ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքերով՝ ոստիկանությունը իշխանությունների ձեռքում դարձել է սեփական քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործիք։
Ըստ Սաղաթելյանի՝ ոստիկանության սպաներն այսօր անցել են բոլոր «կարմիր գծերը» ՝ անհամաչափ ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ:
«Դուք բոլորդ պետք է պատասխանատվություն կրեք ձեր յուրաքանչյուր քայլի համար», – ասաց նա ՝ ընթերցելով ոստիկանության ղեկավարների ազգանունները:
Իշխան Սաղաթելյանը նաև երթի մասնակիցներին կոչ արեց արգելափակել գերատեսչության շենքը:
Հիշեցնենք, որ այսօր ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք: Ժամը 11:30-ի սահմաններում վարչապետ Փաշինյանը կառավարության շենքից քայլել է դեպի «Խաչքարերի պուրակ», ապա անարգել մուտք գործել կառավարական 3-րդ շենք:
Շրջակա միջավայրի նախարարությունում վարչապետի մասնակցությամբ հանդիպում է կայացել: Այդ ընթացքում մի քանի ցուցարարներ հեռվից տարբեր վանկարկումներ են արել, ապա ոստիկանները սկսել են ցուցարարներին բերման ենթարկել: