ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in. am-ի հետ զրույցում ընդգծել է, թե ինչու էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկ արել քաղաքական ուժերին և ինչու հրաժարվեց այդ ճանապարհից:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում ևս արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա։
«Այդ առաջարկը մերժվեց: Մեզ համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը մթնոլորտը փոխելու, այն լարվածությունը պարպելու գործիք էր, որը պատերազմից հետո հասկանալիորեն հաստատվել է Հայաստանում: Ցավոք սրտի, տեսանք, որ կան ուժեր, որոնց համար ուղիղ հակառակն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ ոմանք խորհրդարանական ընտրությունների հանգամանքը որպես ռադիկալ գործողությունների հաթակ են դիտարկում:
«Սա է պատճառը, որ, ըստ էության, մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից, որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի բնականոն իրագործմանը: Ինչպես պայմանավորվել էինք՝ հունիսին կամփոփենք այդ արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,-ասաց նա:
Հարցին՝ ընտրությունների հավանականությունը պահպանվո ՞ւմ է՝ նա պատասխանեց.
«Մենք չասեցինք՝ չէ որ չէ, ընտրություններ պետք է պարտադիր լինեն: Նույնկերպ չենք կարող ասել, որ՝ չէ որ չէ, ընտրություններ չպետք է լինեն: Մեր առաջարկն էր Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողովրդին: Բայց, ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասցեին, տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ ու շարունակում են գնալ ռադիկալացման ուղղով: Եթե տեսնենք, որ կա հնարավորություն՝ ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, իհարկե, ինչպես ասում, են, երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»: