«Փաստ»-ը գրում է. «Վերջին օրերին անընդհատ տեղեկություն ենք ստանում, որ «ԻՔ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գաղտնի կոնսուլտացիաներ է վարում տարբեր պատգամավորների և ուժային բլոկի պաշտոնյաների հետ, թե, իբր, Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված ծրագիր են մշակել, այն է՝ իշխանական հերթական «պլան Բ»-ն։ Ըստ այդ պլանի, հարմար մի պահի իշխանական պատգամավորները հարց են բարձրացնում խորհրդարանում՝ քննարկել վարչապետի վստահության հարցը, քննարկում են, վերջում անակնկալ անվստահություն են հայտնում»:
«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ ընդդիմության կազմակերպած փողոցային ակցիաներին չէին մասնակցում Քոչարյանի աջակցության գրասենյակների աշխատակիցները, այսպես կոչված` Քոչարյանի աջակիցները: Պատճառը Քոչարյանի և ընդդիմության մյուս հատվածի միջև հակասությունների սրումն է. Քոչարյանի աջակիցները իբրև թե ավելի ռադիկալ քայլերի կողմնակից են, իսկ ընդդիմության մյուս ուժերին մեղադրում են ստանդարտ և ոչինչ չտվող քայլեր իրականացնելու մեջ»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ ցանկանում են փոփոխություն կատարել «Զենքի մասին» ՀՀ օրենքում: Նրանք ցանկանում են օրենքով ամրագրել, որ սահմանամերձ համայնքի բնակիչները կարող են զենք ունենալ՝ ակոսափող որսորդական հրազենի տեսքով: Հրազեն կրելու իրավունքի ձեռքբերման հարցով պատգամավորներին դիմել են հենց սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչներ՝ հիմնավորելով, որ դա, բացի այն, որ որսորդությամբ զբաղվելու առավել արդյունավետ միջոց է, այլեւ քաղաքացիների անվտանգության լրացուցիչ երաշխիք է, որը կբարձրացնի անվտանգության եւ վստահության զգացումը»:
«Փաստ»-ը գրում է. «Երեկ համացանցում հենց պետական մարմինների կողմից Նիկոլ Փաշինյանին հերքելու սենսացիոն հիթ – շքերթ սկսվեց: Նախ՝ դատախազությունը, ապա ԳՇ-ն հերքեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախումբը պատերազմի ժամանակ լքել է դիրքերը:
Երկու կառույցներն էլ հայտնել են, որ զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել՝ ըստ էության փաստելով, որ Փաշինյանը հերթական անգամ ստել է»:
«Հրապարակ»-ը գրում է. «Ընդդիմության դաշտում որոշակի խմբավորումներ-վերադասավորումներ են ընթանում։ Ամենայն հավանականությամբ, մի քանի բլոկ կձեւավորվի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Թեեւ ոչ ոք դեռ չգիտի, թե երբ կկայանան այդ ընտրությունները, բայց դրանք կարող են շատ անսպասելի հայտարարվել, եւ քաղաքական ուժերը կարող են պատրաստ չլինել դրան, ինչպես, մեծ հաշվով, եղավ 2018 թվականին։ 17 կուսակցություններից միմյանց հետ ճանապարհ կգնան, հավանաբար, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը եւ քոչարյանական թեւը։ Ընդ որում, ՀՅԴ-ն՝ որպես ավանդական եւ ինստիտուցիոնալ կուսակցություն, հավակնում է առավել գերակշիռ դերակատարում»։