ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․
«Արցախյան վերջին պատերազմից անցել է գրեթե չորս ամիս: Պատերազմի և նրան հաջորդած շրջանի բազմաթիվ կենսական խնդիրներն այս ընթացքում ոչ միայն չեն մարել, այլև ավելի են խորացել, եղածներին ավելացել են նորերը: Չորս ամիս անց դեռևս լուծված չեն գերիների, նահատակ զինվորների հետ կապված խնդիրները, ադրբեջանական կողմի կամայական սահմանագծումները տեղի են ունենում Հայաստանի իշխանությունների բացարձակ անտարբերության պայմաններում, սրան գումարվում են անհասկանալի նահանջները Արցախ-Հայաստան կապերի և Արցախի ինքնիշխանության հարցերում: Ավելին, ժողովրդի թիկունքում տեղի են ունենում բանակցություններ, որոնց գաղտնիության փաստն իսկ հարուցում է լուրջ մտահոգություններ: Շրջանառվում են խոսակցություններ Արցախի դեմ դեռ երեկ ռազմական ագրեսիա իրականացրած ադրբեջանական և թուրքական կողմերի հետ` Հայաստանի պարտված իշխանությունների հնարավոր ինչ-ինչ տնտեսական և այլ բնույթի վտանգավոր գործարքների մասին:
Անցնող գրեթե երեք տարում իր անկարողությունը փաստած իշխանությունը նաև դեղատոմսեր չունի՝ երկրի ներսում խորացող տնտեսական և այլ բնույթի հիմնահարցերի հաղթահարման վերաբերյալ: Հայ ազգի և հայոց պետականության ներկայի ու ապագայի համար սպառնալի այս կացության հանդեպ Հայաստանում կրկին ծայր են առել համաժողովրդական հուզումները, որոնք առաջնորդվում են Հայրենիքի փրկության շարժման կողմից:
Վարչապետի հրաժարականի պահանջին իշխանությունները պատասխանում են հանրության ազատ կամարտահայտությունը ճնշող հակաժողովրդավարական գործողություններով: Իշխանական գործելավոճի է վերածվել ընդդիմադիր ակտիվ գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, կարճ ժամանակով զանգվածային ձերբակալությունները, բռնի ուժի կիրառումը:
Խիստ մտահոգիչ են ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման և երկրում օրինականության գերակայության ամրագրման կարգախոսերով իշխանության հասած ուժերի որդեգրած այս քայլերը, որոնք ուղղակիորեն տանում են ավտորիտար, ոստիկանական պետության ձևավորմանը: Մտահոգությունները առավել տագնապահարույց են երբ, վերոհիշյալ բազմաթիվ մարտահրավերների պայմաններում, հայ ժողովուրդն ու հայոց պետությունը գտնվում են լուրջ փորձությունների առջև:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն, դատապարտելով իշխանություններին՝ նրանց պատասխանատվությամբ ստեղծված այս վիճակի համար, կոչ է անում վերջիններիս զերծ մնալու իրավիճակի առավել սրումից, գործել միայն օրինականության ու ժողովրդավարության շրջանակներում, անսալ հրապարակ դուրս եկած հանրության և ընդդիմադիր ուժերի, ինչպես և մինչ այս նույն պահանջով հանդես եկած ՀՀ Նախագահի, հայոց զույգ կաթողիկոսների, սփյուռքահայության զգալի հատվածի, մտավորական, մշակութային, կրթական եւ հանրային այլ շերտերի ձայնին և առանց ժամանակը երկարաձգելու հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտոնից: Թշնամուց պարտված, ազգի կողմից մերժված, վարչական և բարոյական իրական իշխանությունը կորցրած ղեկավարն այլևս ունակ չէ ալեկոծումների միջով դեպի խաղաղ ու բարեկեցիկ ափ առաջնորդելու հայոց վնասված նավը: Այդ պարագայում միայն հնարավորություն կստեղծվի հասնելու ներազգային համերաշխության, կարգի բերելու պետական հաստատությունների ու բանակի վիճակը, նոր ավյունով ձեռնամուխ լինելու պատերազմի ռազմական, քաղաքական և այլ հետևանքների վերացմանը՝ թևակոխելու Հայոց պետականության ու Արցախի ամրապնդման եւ հզորացման նոր հանգրվան»։