Չնայած քննադատություններին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի պնդմամբ՝ Դուբայում Հայաստանի տաղավարը լավագույններից մեկն է։
Կառավարության նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Դուբայում ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում էր 14 հայկական ընկերություն՝ միասնական տաղավարով, թվով 45 մասնակցով։
Նրա խոսքով՝ բոլոր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն։ Վստահեցնում է՝ հայկական տաղավարը լավագույններից է, ու դա ոչ միայն մեր գնահատականն է:
Ըստ Արշակյանի, սակայն, որոշ խնդիրներ եղել են։
«Լոգիստիկ խնդիրներ են եղել։ Որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով տեղում են, որոշների մասով խնդիր է առաջացել: Ըստ էության, դրանք այլ պատճառներով են։ Եվ նշանակված ծառայողական քննության արդյունքում խնդիրները կբացահայտվեն, կպարզվի՝ դիտավորություն եղե՞լ է, թե՞ ոչ»,- պարզաբանեց նախարարը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին՝ հիշեցնելով, որ որոշակի խնդիր էր առաջացել մեր ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված: Նա հայտնեց, որ նշանակել է ծառայողական քննություն, որի արդյունքներով մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն: «Եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ հարցում թերացել են, ապա նրանք անպայման պատասխանատվության կենթարկվեն»,-նշեց վարչապետը և կառավարության անդամների հետ անցավ օրակարգի քննարկմանը: Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էին IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի լուսանկարները, որտեղ ներկայացված էին միայն բուկլետներ, իսկ ցուցանմուշները բացակայում էին: ՀՀ ԲՏԱ նախարարությունը տեղեկացրել էր, թե ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որ սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվել էր ծառայողական քննություն։