ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով ԳՇ-ն պահանջում է վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականը։ Նա անդրադարձել է նաև այն հարցերին, որոնց մասին այսօր պատրաստվում է խոսել Հանրապետության հրապարակում։
Հայտնելով ԳՇ պետին և ԳՇ պետի տեղակալին աշխատանքից ազատելու մասին՝ նա նշեց․
«Ամենակարևոր խնդիրը ժողովրդի իշխանությունը պահպանելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Դուք գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ես ինքս պատասխանեմ, բայց եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք, չենք կարող խուսափել մեր որոշ բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց։ Եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մի քանի զինվորականների չենք կարող հարցեր չտալ։
Բայց մի քանի գեներալների դուր չի գալիս այս հանգամանքը»։
Նա նշեց, որ նաև այս հարցի շուրջ է ցանկանում իր աջակիցների հետ զրուցել Հանրապետության հրապարակում։ Միևնույն ժամանակ նա կոչ արեց ոչ մի կտրուկ գործողություն չանել և հանդարտություն պահպանել։
«Եկեք հրապարակ՝ որպես ժողովրդական խաղաղ հավաքի մասնակից։ Ես ուզում եմ նաև զինվորականներին կոչ անել շարունակել իրականացնել ՀՀ պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնել։ Ամեն ինչ մեր զինվորների վերահսկողության տակ է»,-հավելեց նա։