Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խիստ մտահոգիչ է համարում Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումները և բոլոր կողմերին հորդորում է սթափություն և ողջամտություն ցուցաբերել: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Գրառման մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:
Այս պահին գտնվելով Երևանում՝ ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»:
Նշենք, որ ներկա պահին հանրապետությունում իրավիճակը բավական լարված է, քանի որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը տարածեց հայտարարություն, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը: Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմնակիցներին կոչ արեց գալ Հանրապետության հրապարակ՝ տեղի ունեցածը համարելով ռազմական հեղաշրջման փորձ: